Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն իր սմարթֆոնների հավաքմամբ զբաղվող Foxconn և Pegatron ընկերություններին կարգադրել է կրճատել ամենաթարմ iPhone-ի՝ XR մոդելի արտադրական ծավալը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նման որոշման պատճառը 749 դոլար արժողությամբ մոդելի ցածր պահանջարկն է: Հայտնի է, որ մոդելը վաճառքում է հայտնվել հոկտեմբերին, սակայն վաճառքի ցուցանիշները վկայում են, որ «խնձորային» բրենդի երկրպագուներին այն այնքան էլ չի հետաքրքրել:

Հայտնի է, որ Foxconn-ն XR մոդելի համար պատրաստվել էր օգտագործել 60 հավաքման գիծ, սակայն ցածր պահանջարկի պատճառով օգտագործում է միայն 45-ը: Այժմ ընկերությունը կսկսի օրական 100.000 մոդելով պակաս XR հավաքել:

Նույն պատկերն է նաև Pegatron-ում: Ընդհանուր առմամբ՝ XR-ի պահանջարկն ակնկալածից 20-25%-ով ցածր է:

Փոխարենը՝ Apple-ը պատրաստվում է ավելացնել iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների արտադրական ծավալները: