ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հանրապետական Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարհելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»,- ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է նաև, որ երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: