Ռուսաստանի նախագահը միայն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հասցրել է աշխարհին սպառնալ միջուկային պատերազմով ու Ռուսաստանի ռազմական հզորություններով:

Ամիսներ առաջ՝ գարնանը, Դաշնային ժողովին հասցեագրված ուղերձում Վլադիմիր Պուտինը անգամ պարծեցավ, թե Ռուսաստանում նոր, ռազմավարական նշանակության գերձայնային բլոկով համալրված հրթիռային համալիր է ստեղծվել, որը համարժեքը չունի ողջ աշխարհում:

Ռուսական «Նովայա գազետա»-ի լրագրողները հետաքննություն են անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են ծախսվում և ում են բաժին հասնում այդ հրթիռների համար նախատեսված միլիարդները:

Հետաքննության արդյունքներն իսկապես կարող են վախեցնել, բայց ոչ թե աշխարհին, այլ՝ Ռուսաստանի քաղաքացիներին, արձանագրում է զեկույցը՝ մանրամասնելով.

«Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ոլորտում գնումներն ու մատակարարումներն իրականացնում է մի ընկերություն, որի 20 տոկոսի սեփականատերը 2014թ-ին դարձել է ընդամենը 23 տարեկան մի աղջիկ՝ Օլգա Զորիկովան:

Վերջինիս շուրջ հետաքրքրությունն է՛լ ավելի է մեծանում, երբ պարզվում է, որ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությանը պահեստամասեր մատակարարելուց բացի երիտասարդ աղջիկը զբաղվում է նաև հարսանեկան դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ:

Հարկ է, սակայն, փաստել, որ առեղծվածային այդ անձնավորության կենսագրականում հիշարժան մի շարք այլ մանրամասներ էլ կան. նրա հայրը՝ Բորիս Օբնոսովը, արդեն տասնհինգ տարի է ղեկավարում է Ռուսաստանի ‘’Тактическое ракетное вооружение’’ կորպորացիան, որն արտադրում է նույն այդ՝ գերհզոր համարվող հրթիռներն ու, փաստորեն, պատվերներ իջեցնում սեփական դստեր ընկերության համար:

Բառի բուն իմաստով խիստ մերձավոր այս համագործակցության արդյունքում, ըստ հետաքննող լրագրողների, անցած հինգ տարում Զորիկովայի ընկերությունը 12 միլիարդ ռուբլու՝ ավելի քան 180 միլիոն դոլարի շահույթ է ստացել:

Կրեմլի ընդդիմախոս, կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի Ալեքսեյ Նավալնին էլ իր հերթին է պարզել, որ հրթիռների բազմամիլիարդ արտադրությունից ճոխ-ճոխ օգտվել է նաև պուտինյան վարչակազմի մեկ այլ պաշտոնյա՝ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի ընտանիքը, ով տասը տարի ղեկավարում է հրթիռների արտադրությամբ զբաղվող կորպորացիայի տնօրենների խորհուրդը:

Նավալնիի հետաքննությունը պնդում է՝ կորպորացիայի դուստր ձեռնարկությունները տարիներ առաջ Տագանռոգում ցորենի հսկայական մի շտեմարան են կառուցել, որը շահագործումից ամիսներ առաջ, մեղմ ասած, «ջրի գնով» վաճառվել է Պրիխոդկոյի ու Օբնոսովի փեսաներին:

«Կառավարությունում, Պաշտպանության նախարարությունում կամ Անվտանգության դաշնային ծառայությունում որևէ մեկի մոտ հարց չի ծագել՝ կներեք, իսկ ինչո՞ւ պետք է հրթիռներ արտադրող կորպորացիան միլիոններ ծախսի ցորենի շտեմարան կառուցելու համար, հետո էլ այն ինքնարժեքից 7 անգամ ցածր գնով վաճառի Պրիխոդկոյի ու Օբնոսովի փեսաներին:

Փաստորեն, Պուտինի երկու չինովնիկները ղեկավարում են ռազմական նշանակության գաղտնի կորպորացիա, իսկ նրանց դուստրերն ու փեսաները փող են դիզում՝ յուրացնելով այդ ընկերության միջոցները, իսկ ավելի հստակ՝ ձեր միջոցները, քանի որ ձեր վճարած հարկերով է ձևավորվում Ռուսաստանի ահռելի ռազմական բյուջեն», - ասել է Նավալնին։

Ի դեպ, հետաքննական այս նյութերում շրջանառվող բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաները, հրաժարվել են մեկնաբանություններից և այդպես էլ չեն պատասխանել լրագրողների հարցերին: