«Փաստ» թերթը գրում է.

«Գործող Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների հետ կապված ժամանակ առ ժամանակ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները նույնիսկ այդ ոլորտների մասնագետ իրավաբանների համար երբեմն բարդ են: Նրանցից ոմանք զրույցում պնդում էին, որ այնպիսի իրավաբանական թնջուկականներ են ժամանակին ներդրել թե՛ Սահմանադրության մեջ, թե՛ Ընտրական օրենսգրքում, որ այդ դրույթները թույլ տրվի մեկնաբանել այնպես, ինչպես «պետք է»:

Մասնավորաբար, երկար ժամանակ փորձեր են արվել տարբեր մասնագետներից իմանալ, թե, օրինակ, առավելագույնը քանի պատգամավոր կարող է լինել ԱԺ-ում, որ դեպքերում ինչ հաշվարկ է կատարվում, կամ՝ կուսակցությունների գրանցման գործընթացը, այն է՝ ԱՆ տեղեկանքը որքանով է հիմք՝ գրանցվելու և ընտրություններին մասնակցելու համար և այլն, և այլն:

Այս և մի շարք այլ հարցերի հետ կապված, որոշ տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում են լուրջ քննարկումներ ընթանում իրավաբանների մասնակցությամբ: Իսկ հայտնի իրավաբաններից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, զրույցում կես կատակ-կես լուրջ նշեց, թե խնդրահարույց նման մի շարք հարցերի պատասխաններն «աչքիս երկու մարդ ունեն՝ Տիգրան Մուկուչյանն ու Հրայր Թովմասյանը»: