Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անդրադարձել է արտերկրի, այդ թվում Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցման կրճատման հետ կապված իրավիճակին:

«Մեծ խնդիր է առաջացնում ռուսաց լեզվով ուսուցման կրճատումը մի շարք պետություններում, ինչը ռուսալեզու մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: Դրանք մերձբալթյան երկրներն են, Հայաստանը, Ղրղզստանը և բազում այլ պետություններ, որոնք այսօր զրկվում են երեխաներին ռուսալեզու կրթություն տալու հնարավորությունից»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտարարել է, որ հարկ է դիտարկել արտերկրում, դեսպանատներին կից նոր ռուսական դպրոցների բացման հնարավորությունը:

«Մենք պետք է բարձրացնենք արտերկրում ռուսաց լեզվի համար պայքարի մակարդակը ոչ թե հանուն լեզվի, այլ այն մարդկանց, ովքեր իրավունք ունեն պահպանելու իրենց մշակույթը, իրենց ռուսաստանյան ինքնությունը և հնարավորություն տալ կրթություն ստանալ ռուսաց լեզվով»,- ասել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը: