Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։ Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները բնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք էլ դարձել են թե հայերի տների, թե նրանց եկեղեցիների նոր տերերը։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Կարսի Դիգոր շրջանի մեջ մտնող այս բնակավայրը ուշադրություն է գրավում իր յուրահատուկ գեղեցիկ բնությամբ։ Պատմական հայկական գյուղն ու այսօրվա Հայաստանը միմյանցից բաժանվում են Արփաչայ գետով։ Գյուղն ինքը կառուցվել է Արփաչայի ափին՝ շուրջ 300 մետր խորությամբ ձորի մեջ։ Այստեղ ընդամենը 40 տնտեսություն կա։

Տեղի ներկայիս բնակիչները պատմում են, որ վերջին հարյուր տարվա ընթացքում Քիլիթթաշում որևէ նոր տուն չի կառուցվել։ Բոլորը բնակվում են հայերի թողած տներում․

«Մենք մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում», - խոստովանում են քրդերը։