Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին:

Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Գյումրի կատարած նախորդ այցի ժամանակ խոստացել էր հետևել երկրագիտական թանգարանի ապագային:

«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ թանգարանի նախագծման ողջ աշխատանքների ծախսերը կստանձնի հիմնադրամը:

«Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»»,- ասել է նախագահը:

Երկրագիտական թանգարանի ծրագիրն Արմեն Սարգսյանի առաջին նախագիծը չէ Գյումրիում: Նախկինում նրա աջակցությամբ վերանորոգվել էր Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով իրականացվող նախագծերին: Կենտրոնում տեղակայված՝ «Թումո Գյումրի» ստեղծարար կենտրոնում նախագահը զրուցել է սաների հետ՝ տեղեկանալով նրանց կողմից կատարվող աշխատանքներին և հետաքրքրություններին: Նախագահն ասել է, որ առաջիկայում ավելի ընդգրկուն ծրագրով ևս մեկ անգամ կայցելի տեխնոլոգիական կենտրոն: