Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը հրավիրվել Էին նաև Ֆրանսիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլեիր լե Ֆլերերը, Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենտելբերգը։

Հանդիպմանը քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա 1053 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացման տարբերակները: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ներկայացրել է գերմանական և ֆրանսիական այն ընկերությունների ցանկը, որոնք մասնագիտացված են օրգանական թափոնների ոչնչացմամբ։ Վերջինս տեղեկացրել է, որ Նուբարաշենում առկա 4123 տոննա աղտոտված հողը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասազերծել տեղում: