Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվելու։ Այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ զրույցում` հերքելով մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն ինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել։

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,- ասաց նա։

Հարցին՝ ինչ է այսօր փոխվել Էջմիածնում, քաղաքապետը վստահեցրեց, որ փոխվել է ամեն ինչ։ Ըստ նրա՝ այսօր քաղաքում որևէ օլիգարխիկ կլան չկա, Էջմիածինը բավական հանգիստ է. օդում վախի մթնոլորտ չկա։

«Քաղաքային իշխանությունները որևէ մեկին այլևս չեն ահաբեկելու, մենք այլևս այլ երկիր ունենք»,- հավաստիացրեց Դիանա Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանն Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2018թ հունիսի 22-ի որոշմամբ։ Հոկտեմբերի 21-ին նա ընտրվել էր Էջմիածին համայնքի ղեկավար: