Ճապոնիայի Կիոտո քաղաքում կփորձարկվի նոր համակարգ, որը կվերահսկի ու կկանխատեսի զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաև կկառավարի հայտնի տեսարժան վայրերում այցելուների հոսքը, հաղորդում է The Japan Times-ը:

Ճապոնիայի զբոսաշրջության նախարարության, Տուրիզմի քաղաքային ընկերակցության ու Կիոտո քաղաքի համատեղ մեկնարկային նախագիծն առաջին անգամ կյանքի է կոչվել Կիոտոյից հարավ գտնվող Արասիյամա շրջանում:

Արասիյամայի թաղամասերից 8-ում տեղադրվել են հատուկ ցուցիչներ, որոնք հետևում են Wi-Fi-ի ակտիվ ազդանշաններն ու պարբերաբար թարմացնում կանխատեսումները ստացված տվյալների հիման վրա: Սեպտեմբերից սկսած տեղադրվել է 13 ցուցիչ և մինչև դեկտեմբերի 17-ը դրանք կվերահսկեն մի շարք զբոսաշրջային հայտնի վայրեր:

Այդ ցուցիչները սմարթֆոնների Wi-Fi-ների միջոցով հետևում են այցելուների թվին և տվյալ վայրում նրանց անցկացրած ժամանակին՝ գրանցելով այդ տվյալները և ամեն ժամ թարմացնելով դրանք: Ընդ որում՝ տվյալները համացանցում հասանելի կլինեն այլ զբոսաշրջիկներին անգլերեն ու ճապոներեն լեզուներով, իսկ վեբ-կայքերը կտրամադրեն նաև հասանելի երթուղիներ զբոսանքի համար և կնշեն ամենահարմար ժամերը՝ այս կամ այն վայրն այցելելու համար: