Ամերիկահայ նկարչուհի Վարդենի Մոստիչեանը 2017թ-ին միակողմանի տոմս գնեց ու Բոստոնից ժամանեց Երևան։

Հոկտեմբերի 20-ին Գյումրիի «Բեռլին Արտ» հյուրանոցում բացվեց Մոստիչեանի «Կրկնագիր․պատմություն դարակների մեջ» ինստալացիաները ներկայացնող անհատական ցուցահանդեսը (որն ուղեկցվեց Հասմիկ և Ալեքսան Հարությունյանների երաժշտական ներկայացմամբ), իսկ նոյեմբերի 8-ին նույն ցուցահանդեսի մեկնարկը տրվեց արդեն Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում (ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը)։

Հայաստանաբնակ հայերին ոչ այնքան ծանոթ անուն է Վարդենի Մոստիչեանը, ում կենսագրության աշխարհագրությունն ու ստեղծագործական ուրույն լուծումները ուշադրության են արժանի։

Ծնվել է Ստամբուլում, կրթությունն ստացել հայկական նախակրթարանում և Ավստրիական դպրոցում, ապա 1969թ-ին տեղափոխվել Նահանգներ։ Շարունակել է կրթությունը Կալիֆորնիայի Արվեստի և Կենտրոնական Ֆլորիդայի համալսարաններում։ Շուրջ 500 կտավի հեղինակ է։

1974թ-ից Մոստիչեանի աշխատանքները ցուցադրվում են միջազգային ցուցահանդեսներում՝ Ամերիկայի միացյալ նահանգներում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում։ Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Ստամբուլում, Ուոթրթաունում, Փարիզում և Քեմբրիջում։ Ամերիկայի Հայկական թանգարանում ներկայացել է «Գյուղացիները հողին դեմ-հանդիման» անհատական ցուցահանդեսով։

Մոստիչեանի աշխատանքներից մեկն առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել է 39 տարի առաջ՝ 1979թ-ին, Ամերիկահայ նկարիչների միության խմբակային ցուցահանդեսի ժամանակ՝ Ժամանակակից արվեստի թանգարանում (Մոստիչեանը կտավը նվիրել է թանգարանին)։

Վերացական, գունային նուրբ բազմազանությամբ աչքի ընկնող կտավները, ինչպես ինքը՝ արվեստագետն է ներկայացնում, ինքնության ճանապարհն արտահայտող յուրահատուկ դրսևորումներն են։

Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանի՝ Մոստիչեանի աշխատանքների ցուցադրությունը ներկայացնող տեքստում նշված է․

«Վարդենին այն ուժեղ կին-արվեստագետ տեսակն է, որի համար նկարչությունը զուտ մասնագիտություն չէ՝ դա իր ապրելաձևն է, իր կյանքի իմաստը և բովանդակությունը»։