Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի միջև ՀԱՊԿ գկխավոր քարտուղարի վերաբերյալ զրույցին, ասել է, որ «կոռեկտ չէ», երբ կառույցի ոչ անդամ երկրի դեսպանի հետ քննարկվում են դրա ներքին հարցերը:

Նա հավելել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումներն ի ցույց են դնում ՀԱՊԿ-ում առկա խնդիրները:

Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանն ասել էր, որ երկիրը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»:

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: «Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ է կանչվել: Ըստ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,- ասել է Նազարբաևն Աստանայում լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին: