«Սասնա ծռերի» նախընտրական ցուցակի առաջին տեղում լինելու է Վարուժան Ավետիսյանը, երկրորդ հորիզոնականում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, հրավիրած ասուլիսում հայտնեց «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Ինքը՝ Սեֆիլյանը, նորաստեղծ կուսակցության ընտրացուցակում ընդգրկվել չի կարող, փոխարենը կղեկավարի «Սասնա Ծռերի» նախընտրական շտաբը: Նրա խոսքով՝ ընտրություններին գնում են՝ որպես հակակշիռ, որպես երկրորդ բևեռ՝ գիտակցելով, որ եթե զսպող ուժ չձևավորվի մեր երկրում, իշխող ուժի սխալներն ավելին կլինեն:

«Մենք նաև գալիս ենք՝ արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու: Նաև գալիս ենք՝ պատասխանատվության ենթարկելու այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ հանցագործություն իրականացրած պարագլուխներին»,- հավելեց նա:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակիցներ այսօր մտորումների մեջ են՝ օր առաջ ճանապարհ անցած մարդկանց հետ համագործակցության համապատասխան ձևաչափ գտնելու հարցով.

«Ելնելով այս իրավիճակից և հասկանալով, որ այդ դաշտը պետք է օր առաջ միավորել, ես հորդորում եմ պատերազմի բոլոր լուրջ մասնակիցներին՝ համախմբվել և հնարավորինս աջակցել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը»: