Կան հարցեր, որոնցում ՀՀԿ-ն լինելու է անզիջում և դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն լինելու է կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն:

Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ:

«Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է` էլի են լինելու: Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, Ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ...ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ», - ասվում է գրառման մեջ: