Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պատասխանեց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիայի վերաբերյալ հարցերին։

«Պետական գույքի կառավարման ծառայության պետ Նարեկ Բաբայանը քիչ առաջ ինձ հայտնեց, որ իրենք բանակցում են ինստիտուտի հետ, բանակցությունները դժվար են գնում, բայց կառավարությունը ըստ դրա որոշում կկայացնի»,- ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այդ շենքերից մեկում շվեդական դեղագործական ընկերություն է գործում, որը ցանկանում է ավելի մեծ ներդրումներ կատարել։

Լրագրողների դիտարկմանը՝ թե «բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ ներկայիս իշխանությունները նախկինի արատավոր գործողություններն են շարոնակում և գիտության նկատմամբ վերաբերմունքը պետք է վերնայավի», Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Այո, պետք է վերանայվի, որևէ արատավոր գործողություններ չեն շարունակվում։ Կիրակի օրը երիտասարդ գիտնականների հետ հանդիպում ունենք, փորձում ենք առավելագույնը անել, որպեսզի այդ բարեփոխումները լինեն անցավ, բայց նաև պետք է որոշակի կտրուկ գործողություններ անենք՝ գիտությունն այս իրավիճակից դուրս բերելու համար»։

Հիշեցնենք, որ կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը։