Այսօր ԱԺ-ում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ինչպես ասաց ինքը՝ Մարուքյանը, նախագծով առաջարկ է արվում պարզ լուծում կատարել՝ փոփոխել Քրեական օրենսգիրքը և նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր:

«2003թ-ից հետո փոփոխված քրեական օրենսգրքով նախնական կալանքի մեկ օրը հաշվարկվել է 1,5 օր, հետո հետ է փոխվել և դարձել է 1 օրը՝ 1 օր, հիմա ես առաջարկում եմ կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր, դրան տալ հետադարձ ուժ, մինչև օրենքում կատարված փոփոխության օրը և, ըստ էության, այդ փոփոխությունը հասցնել այն մարդկանց, ովքեր այս պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարբեր ՔԿՀ-ներում»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ ինքը ցանկանում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների շունչը հասնի նաև ՔԿՀ-ներ:

«Այն քաղաքացիները, ովքեր մեր կողմից ընդունված համաներման ակտով որևէ կերպով չեն զգացել փոփոխությունների շունչը, նրանք նույնպես զգան, որ Հայաստանում բան է փոխվել»,- նշեց պատգամավորը։

խորհրդարանականը միաժամանակ նկատեց, որ միջազգային իրավապաշտպան կառույցները, ՀՀ-ում փաստաբանները և նաև ինքը արձանագրել են, որ կալանքը որպես խափանման միջոց ՀՀ-ում կիրառվում է ոչ թե բացառիկ դեպքերում, այլ բոլոր գործերով:

«Եվ մարդիկ վեց ամիս, մինչև մեկ տարի եղել են այդ պայմաններում, և լինելով անմեղության կանխավարկածի ներքո՝ այդ պայմաններում ազատազրկման մեջ են եղել։ Նաև գերբեռնված պայմաններում, երբ մարդիկ ՔԿՀ-ներում հերթով են քնում, տարատեսակ չափանիշներ կան, որոնք խախտվում են»,- ասաց նա: