«Ցուցակում հիմնականում քաղաքական դեմքեր են ընդգրկված, բոլոր այն կուրիոզ դեմքերը, որոնց պատճառով մեզ մեղադրում էին, այսօր ՀՀԿ ցուցակում չկան, նրանք այսօր անցել են գործող իշխանությունների կողմը, կամ չեն անցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ պատասխանելով ՀՀԿ ցուցակի մասին հարցերին։

Հարցին, թե Մենուա Հարությունյանի՝ ցուցակում լինելը չի՞ վնասի Հանրապետականի անվանը, նա պատասխանեց.

«Չեմ կարծում, որ որևէ մեկի անունը կվնասի ՀՀԿ-ին։ ՀՀԿ ցուցակում առաջադրվող յուրաքանչյուր թեկնածու իր անելիքն ունի, իր տեղն ու դերը պատկերացնում է»։

Պատգամավորն ասաց, որ չի սիրում շանսերից խոսել, քանի որ վերջին խոսքը ընտրողը պետք է ասի, բայց կարծում է, որ Հանրապետականի մասնակցությունը ճիշտ է.

«Մեր ցուցակում այնպիսի քաղաքական դեմքեր են, որոնք ճանապարհ ունեն անցած, ասելիք ունենք, և եկող խորհրդարանի համար կարևոր է նրանց ներկայությունը»։

Ինչ վերաբերում է ցուցակում Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի ընդգրկվելուն, Եսայանը պատասխանեց.

«Ցուցակը ես չեմ կազմել անձամբ, այդ հարցի պատասխանը, անկեղծ ասած, չունեմ, բայց ենթադրում եմ, որ կուսակցությունն այս գործիչներին գնահատում է, իրենց աշխատանքը գնահատում է և նրանք ունեն անելիք»։

Լրագրողներից մեկի հարցին, թե իրե՞նք են Հանրապետականի դեմքը, նա պատասխանեց.

«Հանրապետականի դեմքը ես եմ այսօր»։