«Հին Երևան» նախագիծը շատ կարևոր նախագիծ է և պետք է կյանքի կոչվի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վվարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագիծն այնպես պետք է վերափոխել, որ հուշարձաններն անձեռնմխելի մնան:

Կառավարությունը որոշում է ընդունել, որով Երևանի քաղաքապետը լիազորություններ է ստանում ՀՀ անունից «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ հետ կնքելու՝ Երևանի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր։

Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։

«Ըստ էության, խոսքը «Հին Երևան» նախագծի մասին է, որը պետք է կյանքի կոչվի։ Մեր մոտեցումն ու քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քննադելու մասի: Ըստ էության, հիմա այն գործընթացում ենք, որ ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի նախագիծը այնպես վերափոխվի, որ հուշարձանները մնան անձեռնմխելի և նախագիծը լիարժեք իրականացվի: Ներդրողի հետ լիարժեք ըմբռնում ունենք։ Ինչպես ասում են՝ գնդակը ճարտապատների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական, և՛ ներդումային առումներով նախագծում այնպիսի փոփոխություններ կատարեն, որից հետո ծրագիրը ողջ թափով կգործարկվի», - ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ որոշման նախագծի՝ Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին: