ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վստահեցրել է, թե ծրագրում է ընթացիկ տարում շարունակել ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի աշխատանքը: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան մամուլում շրջանառվող այն խոսակցությունների ֆոնին, համաձայն որոնց՝ վերջինս կարող է շուտով թողնել պաշտոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված հարաբերությունների պատճառով:

Թիլերսոնն ասել է, թե իր կարծիքով՝ Թրամփի վարչակազմը 2017 թվականին եղել է «շատ հաջողակ», և որ վարչակազմն այնպիսի քաղաքականություն է վարում, որը, Թիլերսոնի ակնկալմամբ՝ «կհանգեցնի շատ-շատ հաջող 2018-ի»:

Իր սեփական պլանների մասին հարցին Թիլերսոնը պատասխանել է․ «Ես ծրագրում եմ մնալ պաշտոնին ամբողջ տարի»: Նրա խոսքով՝ Թրամփն իրեն «չի ակնարկել» այն մասին, թե իր աշխատանքն այդ պաշտոնում վտանգված է: Ըստ ամերիկյան մամուլի, Թիլերսոնի և Թրամփի հարաբերություններն անցյալ տարվա ընթացքում վատթարացել են, իսկ տարեվերջին լուրեր տարածվեցին, թե նախագահը պատրաստվում է փոխել պետքարտուղարին: