Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հունվարի 24-ի նիստում հաստատվել էր տարբերանշան(լոգոն), որն օգտագործվել է ընթացիկ տարում կայացած շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ:

«Արցախպրեսս» լրատվական գործակալությունը այս առթիվ նոյեմբերի 20-ին Արցախի դրոշի հեղինակ Վահե Ֆատտալի կողմից ստացել է նամակ, ով գրում է, որ օգտագործվող տարբերանշանի իրական հեղինակային իրավունքը պատկանում է իրեն:

Հեղինակի խնդրանքով նամակն ամբողջությամբ ներկայացված է ստորև՝

«Իմ անունը Վահե Ֆատտալ է: Ես փաստացի հեղինակն եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» խորագրով տարբերանշանի, որը գողացվել է Նինա Շահվերդյանի ու Արմեն Ղուկասյանի կողմից և օգտագործվել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված պաստառի վրա:

Ես նրանց չեմ ճանաչում: Փաստն այն է, որ մի քանի տարի առաջ նախագծել եմ Ղարաբաղի մասին երկու պաստառ՝ օգտագործելով այդ տարբերանշանը:

Փարիզում այդ երկու պաստառները տպել եմ արծաթագույն ֆոնի վրա և սփռել Սփյուռքում՝ Ղարաբաղի համար գումար հավաքելու նպատակով: Ամոթալի է վերը նշած անձանց համար, քանի որ նրանք կեղծորեն պնդում են, որ իրենք են հեղինակել տարբերանշանը:

Ես խնդրում եմ գործակալությանը, որ իմ՝ տարբերանշանի մասին տված տեղեկատվությունը փոխանցեք հանձնաժողովի անդամներին, քանի որ իմ հեղինակած տարբերանշանը այժմ օգտագործվում է 30-ամյակին նվիրված պաստառի վրա:

Հավելեմ նաև, որ ես եմ նախագծել Ղարաբաղի դրոշը, որը Ղարաբաղի Գերագույն Խորհրդի կողմից ընդունվել է որպես պետական դրոշ»: