Ստեփանակերտում ավելի քան 2000 մ² տարածքի վրա կկառուցվի խոշոր մարզական համալիր, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ավարտման փուլում է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

Նա հայտնել է նաև, որ բարերար Վլադիմիր Ավագյանցի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Մարտակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքներում կառուցել նոր մարզադահլիճներ (ֆիթնես ակումբներ)՝ հագեցած ժամանակակից մարզագույքով։

Հարությունյանը նշել է նաև, որ Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի։

«Այսպիսով, մեր երեխաների համար ստեղծվելու են հավելյալ պայմաններ անհոգ և ուրախ մանկություն ունենալու ճանապարհին։ Առողջ ու ապահով, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը յուրաքանչյուրիս խնդիրն է, և այս գիտակցումով պետք է հետևողական կերպով շարունակենք նախանշված բոլոր ծրագրերը»,- ասվում է գրառման մեջ։

Հարությունյանը հավելել է նաև, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ տեղերում առկա շենքերի կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներից հետո մանկապարտեզներ կբացվեն նաև Մարտունու շրջանի Խնուշինակ և Հերհեր համայնքներում, իսկ Կարմիր շուկայի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը հիմնովին կվերանորոգվի։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը:

«Կարծում եմ՝ այն շատ լավ առիթ է յուրաքանչյուրիս համար՝ ցուցադրելու մեր միասնականությունն ու համախմբումը ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ լրացուցիչ միջոցների ներգրավումն անուրանալի դեր ունի Հայաստանի և Արցախի զարգացման գործում։ Ուստի հորդորում եմ բոլորիդ, այս տարի ևս ակտիվ մասնակցել հեռուստամարաթոնին»,- ասվում է գրառման մեջ: