Կգործարկվի ՀԱԷԿ-ի նոր տուրբինը
Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի շահագործման երկարաձգման աշխատանքները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Արդեն մի քանի օրից կգործարկենք նոր տուրբինը, ամբողջությամբ փոխարինվել է տուրբին գեներատորը», - ասել է նախարարի պաշտոնակատարը, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ 2019թ-ին կփոխարինվի ևս մեկ տուրբին: Արդյունքում ատոմակայանը նույն վառելիքի ծախսի պարագայում 10 տոկոս խնայողությամբ կաշխատի:
Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ 127 ընկերության ներկայացվել է զգուշացումներ պարտավորույթունները կատարելու վերաբերյալ, արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ գումար։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։
Սարքավորումների փոխարինման աշխատանքները մեկնարկել են 2018թ.: