2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր:

Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին:

Քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 314-րդ, 325-րդ հոդվածներով քննվող քրեական գործերից 12-ի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի:

Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 551 464 501 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 15 113 644 դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Դատախազությունը։