Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 23.2 մլն եվրոյի՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային համաձայնագիր կստորագրվի: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Ծրագրի իրականացման տևողությունը 8 տարի է, այն կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակնում նախատեսվում է իրականացնել պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։

Ծրագիրը կիրականացվի 4 հիմնական ուղղությամբ՝ բազմաֆունկցիոնալ նպատակներով դիտարկվող կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարում, կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում մարդկային գործոնի ազդեցության նվազեցում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ միջոլորտային ներդրումների ուժեղացում, ընտրված տարածքների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային տնտեսությունների վարչակազմի ֆինանսական կայունության ապահովում, ընտրված համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնեով Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի յուրահատուկ և հարուստ կենսաբազմազանությունը, որպես ծրագրի իրականացման վայր կընտրվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները։ Թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, այն հնարավոր է իրագործել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում:

Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել հստակ արդյունքներին ուղղված լայնածավալ միջոցառումներ։