ՀՀ կառավարությունն առաջարկում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունները կիրառել նաև օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ձեռնարկությունների նկատմամբ: Համապատասխան նախագիծը ընդգրկված է կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներն ազատված են շահութահարկից, իսկ եկամտային հարկը կազմում է 10%:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող նախագծով օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների համար հավասար պայմաններ են ստեղծվում, ինչն իր հերթին կբերի լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի նվազեցմանը: Օրենքում փոփոխությունները կնպաստեն նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը, տարածաշրջանում հայկական ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, ոլորտի գրավչության բարձրացմանը, հարկային մուտքերի ավելացմանը ու կանոնակարգմանը և ՏՏ ոլորտի զարգացմանը: