Լեհաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» փառատոնին հյուրընկալվել է հռչակավոր լեհ վիրտուոզ ակորդեոնահար Մաչեյ Ֆրոցկևիչը։ Նրա մենահամերգները կհարստացնեն Հայաստանի մի քանի մարզերի մշակութային կյանքը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի ֆեյսբուքյան էջում գրված է, որ երկրաշարժի 30-ամյակին են նվիրված նոյեմբերի 22-ին Գյումրու պետական կոնսերվատորիայում և նոյեմբերի 23-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում կայանալիք համերգները: Վիրտուոզ երաժշտի շրջագայությունը կեզրափակվի նոյեմբերի 24-ին Բյուրական արվեստի ակադեմիայում: Մենահամերգի ծրագրում կհնչեն. Լուչիանո Բերիո, Վիտոլդ Լյուտոսլավսկի, Ժան Ֆիլիպ Ռամո, Աստոր Պիացոլա, Զիգմունտ Կրաուզ, Միկոլայ Մայկուսյակ, Քշիշտոֆ Պենդերեցկի, Ալֆրեդ Շնիտկե:

Նախքան համերգները, Մաչեյ Ֆրոցկևիչը նոյեմբերի 21-ին անցկացրել է վարպետության դասընթաց Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում: Վարպետության դասընթացին մասնակցել են քաղաքի տարբեր երաժշտական հաստատություններում դասական ակորդեոն ուսանող դասախոսներ, ուսանողներ և դպրոցականներ, ակորդեոնիստների հայկական միության ղեկավարներ և անդամներ: