Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել երկրում մտքի և խոսքի ազատություն՝ նշելով, որ հարկավոր է պահպանել օրենքի գերակայությունն ու հետևել դրանից բխող չափանիշներին:

Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Մաասը հիշեցրել է, որ թուրքական բանտերում շարունակում են գտնվել բազմաթիվ արվեստի գործիչներ, գրողներ ու լրագրողներ: 

Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել այդ մարդկանց ազատ արձակման համար:

Թուրքիայում ահաբեկչամետ քարոզչության կամ ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանքով ձերբակալված ակտիվիստների ու մտավորականների շարքերում կան նաև Գերմանիայի քաղաքացիներ: