«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է «Օրինականություն, արդարություն և ապահովություն» կարագախոսով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով, ՕԵԿ-ը հավակնում է լինել ԱԺ-ում ներկայացված երեք ուժերից մեկը՝ իր թիկունքում ունենալով կատարած հսկայական աշխատանք.

«Մենք ունենք մրցունակ ծրագրեր, ներկայացնում ենք հիսուն քայլեր, որոնք կարող են փոխել Հայաստանը՝ բոլորին թույլ տալով օգտվել նոր Հայաստանի ստեղծած հնարավորություններից։ Մենք նոր Հայաստան ենք կառուցում, չկա հինը։ Մենք ընտրություններին մասնակցում ենք ոչ թե ուղղակի մասնակցելու, այլ հաղթելու համար։ Քվեի տերը ժողովուրդն է, և մենք հույս ունենք արժանանալու մեր ժողովրդի վստահության քվեին»։

Հարցին, եթե մի պահ պատկերացնի, որ ՕԵԿ-ը ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, պատրա՞ստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը փորձառու քաղաքական գործիչ է, ծանոթ է երկրի կառավարման ուղնուծուծին.

«Մեզ պետք է ոչ թե միայն դուխով գնալ ընտրություններին, այլ նաև խելքով։ Եթե անգամ մեզ չեք ընտրում, ընտրեք խելացի, գրագետ, պարկեշտ այլ մարդկանց։ Լավ, հեղափոխություն է եղել, բոլորս ողջունել ենք, բայց հիմա երկիր պետք է կառուցենք»։

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ՕԵԿ-ն ընտրություններին մասնակցում է մի շարք նկատառումներից ելնելով։

«Նկատառում առաջին. հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան կարող է  տեղի ունենալ միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններով։ Ճիշտ է, այս յոթ ամիսը բավարար ժամանակ չէ, բայց 7 ամիսը բավական ժամանակ է զարգացման հստակ տեսլական ներկայացնելու։ Ընտրություններին մասնակցելու առաջին դրդապատճառը երկրի ռազմավարական, սոցիալ-տնտեսական, մարզերի զարգացման ծրագրի բացակայությունն է։ Մենք տեսնում ենք կիսատ-պռատ, իրավիճակային լուծումներ և համակարգված ծրագրերի բացակայություն։ Այս հեղափոխության հիմնական նպատակը պետք լինի թալանված գումարները բյուջե վերադարձնելու ռազմավարությունը, բայց գլխավոր նպատակը պետք է լինի նոր Հայաստանի զարգացման հնարավորության ստեղծումը։ Մենք չենք տեսնում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ շեշտելով, որ իրենք չեն տեսնում ՀՀ համակարգված զարգացման ծրագրի կոնցեպցիան։

Որպես ընտրություններին մասնակցելու երկրորդ դրդապատճառ նա համարեց Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները.

«Ես տեսնում եմ աճող սպառնալիքներ, և ցավոք, դրանց հակազդելուն ուղղված ոչ բավարար գործողություններ ու ծրագրեր։ Այսօր այս մրցակցող տարածաշրջանում Հայաստանի առջև լրջագույն մարտահրավերներ են կանգնած, և դրանց ի զորու է հակազդել միայն ուժեղ քաղաքական թիմը։ Ցավոք, այս յոթ ամիսների ընթացքում հիմքեր չեն դրվել, որ կարողանանք տարածաշրջանային ծրագրերին ակտիվ մասնակցության հայտ ներկայացնել։ Նոր կառավարության 100 օրն անցել է, և մենք երկրի տնտեսության զարգացման արտաքին քաղաքական սպառնալիքներին դիմագրավելու առնչությամբ տեսլականներ չենք տեսնում ընդհակառակը, նոր սպառնալիքներ, ՀԱՊԿ-ի հետ խորացող տարաձայնություններ»։

Ընտրություններին մասնակցելու երրորդ պատճառ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց պետական կառավարման ոլորտում փորձի պակասը լրացնելը.

«Այսօր ղեկավարներ են նշանակվել մարդիկ, որոնք չեն գույքագրել իրենց համակարգի խնդիրները։ Մենք գտնում ենք, որ պետք են փորձառու պրոֆեսիոնալներ, բայց նաև երիտասարդ, նախաձեռնող մարդիկ։ Երկրի առջև ծառացած խնդիրներին պետք է կարողանալ դիմագրավել ուժեղ, մոտիվացված կառույցներով»։