Երևան քաղաքի դատախազը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարել է ստուգել ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության այն հանգամանքները, համաձայն որոնց իր ենթաշտաբներից մեկին սպառնացել են, որ իր հետ չաշխատեն: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները»,- գրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր և ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ իր ենթաշտաբների անդամներից մեկին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ մոտեցել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմակիցները և սպառնալով հորդորել են չաշխատել Աշոտյանի հետ: