ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ 2019թ-ի պետական բյուջեի նախագծող գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրին ֆինանսավորում կտրվի:

Ծրագիրը տարեկան 250 շահառու կունենա, 400 մլն դրամ գումար կծախսվի: Այն ուժի մեջ կմտնի 2019թ-ի փետրվարի 1-ից:

Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի առողջապահական մասով աճի մի մասը դրվելու է անհետաձգելի բուժօգնության վրա:

«Խոսքը ինտերվենցիոն բուժման մասին է, երբ հատուկ դեղերի և հատուկ գործիքների միջոցով կբացվի տրոմբը և գլխուղեղի կաթվածի խորացումը կկանխարգելվի: Պացիենտը մեծ հավանականությամբ կխուսափի երկարատև հաշմանդամությունից, շատ դեպքերում կփրկվի նրա կյանքը: Բուն բուժական պրոցեսը տեղի է ունենալու երկու բուժկենտրոններում, որոնք հենց այս պահին կարողանում են այդ ծառայությունները մատուցել՝ Էրեբունիում ու Համալսարանական հիվանդանոցում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: