ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ, նոյեմբերի 26-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. մի արվեստագետ, ով ներկայացրեց հայկական մշակույթն աշխարհի լավագույն բեմերում` դուդուկի անզուգական մեղեդին ավելի ճանաչելի և սիրելի դարձնելով հանրությանը:

Հանդիսատեսին կներկայացվի համերգային հարուստ ծրագիր, որին մասնակցում են` Հասմիկ Պապյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գևորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հ. Չեքիջյան), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կ. Օրբելյան) և այլ անվանի հայ երաժիշտներ։

Համերգի ընթացքում ավագ և կրտսեր Ջիվան Գասպարյանների կատարումները առանձնահատուկ շունչ կհաղորդեն երեկոյին։

Դուդուկի վարպետն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մրցանակների (1957, 1962, 1973 և 1980 թթ.): 2002թ-ին վարպետն արժանացել է WOMEX մրցանակին: