ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած Հայաստանի քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն:

ՊԵԿ-ը հայտնում է, որ վերջինիս մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 42 գրամ սև գույնի զանգված: Դ.Ս.-ի հայտարարության համաձայն՝ այն «ափիոն» տեսակի թմրանյութ է:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: