Մինչ հունվարի վերջ Իրաքը կսկսի Քիրքուքի հյուսիսային հանքավայրերից նավթ արտահանել Իրան: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լուայբին, գրում է Reuters-ը:

Նախարարի խոսքով՝ իրանական Քերմանշահի նավթի վերամշակման գործարան 30 հազար բարել նավթի հումք կարտահանվի: Նավթի հումքի մատակարարումն Իրան կիրականացվի երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շրջանակում:

Իրանն ու Իրաքը համաձայնություն են ձեռք բերել օրական մինչև 60 հազար բարել նավթի հումք փոխանակել իրանական նավթի դիմաց, որը կմատակարարվի հարավային Իրաք:

Երկու երկրները ծրագրում են նաև խողովակաշար կառուցել՝ Քիրքուքից նավթ փոխադրելու համար, որը կարող է փոխարինել Թուրքիայով և Միջերկրական ծովով անցնող երթուղուն: