ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել:

Բացահայտման արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 850,000 դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները՝ օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25,000 դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում և ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող մոտ 835,000 դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ և այլ պարագաներ, հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը։

Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաև մոտ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված և փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար:

Քրեական գործով բացահայտվել է խմբի 7 անդամ, կատարվել են ձերբակալություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու ուղղությամբ: