Նոյեմբերի 20-ին «Արցախպրես» լրատվական գործակալությունը հրապարակել էր «Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը Վահե Ֆատտալի բաց նամակը» վերտառությամբ նյութը:

Հեղինակը դժգոհություն էր հայտնել, որ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի՝ հունվարի 24-ի նիստում հաստատած տարբերանշանի (լոգո) հեղինակը իրականում ինքն է, որը, սակայն, ներկայացվել է Նինա Շահվերդյանի ու Արմեն Ղուկասյանի անունով: Այդ առթիվ Վ. Ֆատտալը խնդրել էր վերոնշյալ նամակի մասին տեղյակ պահել նաև պետական հանձնաժողովի անդամներին, քանի որ իր հեղինակած տարբերանշանը այժմ օգտագործվում է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված պաստառի վրա:

Հրապարակումից հետո ինչպես պետական հանձնաժողովը, այնպես էլ մրցույթում հաղթած Նինա Շահվերդյանի արձագանքել են։

Մասնավորապես՝ պետական հանձնաժողովից Գործակալությանը տրամադրել են հրապարակումից հետո այդ առթիվ գրված Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նամակը՝ ուղղված հեղինակին.

«Հարգարժան պարո՛ն Ֆատտալ,

Շնորհակալություն նամակի համար, որով հաստատեցիք «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» տարբերանշանի հանդեպ Ձեր հեղինակային իրավունքը:

Իրականում հանձնաժողովը տեղյակ էր, որ այդ տարբերանշանը շրջանառվում է 1988թ-ից և նվիրված է Ղարաբաղյան շարժմանը, բայց հեղինակին գտնելու մեր ջանքերը այդ ժամանակահատվածում արդյունք չեն տվել։ Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ միջոցառումների համար օգտագործվել է միասնականության գաղափարը՝ առանց ճանաչելու որևէ մեկի հեղինակային իրավունքը տարբերանշանի նկատմամբ:

Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ոչ միայն այս տարբերանշանի, այլև 1988թ-ից բոլոր հայերին ոգեշնչած դիպուկ խորհրդանիշների համար. գաղափարն օգտագործելով՝ փորձել ենք ընդգծել, որ 30 տարի հետո էլ հայկական միասնականության խորհուրդը չի փոխվել։

Հարգանքով՝ Աշոտ Ղուլյան»:

Իսկ Նինա Շահվերդյանը Գործակալությանն ուղղված նամակում նշել է.

«Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանում, իրոք, օգտագործվել են Ֆրանսիայում 30 տարի առաջ անանուն հրատարակված և Արցախում լայնորեն տարածում գտած մի պաստառի որոշ տարրեր, որի մասին երբևիցէ չի թաքցվել ո՛չ հանրությունից, և ո՛չ էլ պետական հանձնաժողովի անդամներից։ Այդ տարրերը օգտագործվել են պաստառի հրատարակչի իմացությամբ և գրավոր հավանությամբ՝ նպատակ ունենալով ընդգծել շարունակական կապը անցյալի և ներկայի միջև։ Վահե Ֆատտալի անունը՝ որպես պաստառի ձևավորման հեղինակային իրավունքի կրողի, երբևիցէ չի հրապարակվել և ինձ հայտնի չէ։ Այդպիսով, մնում է միայն ափսոսանք հայտնել՝ իմ հայրենակցին ակամա պատճառած ցավի համար։

Միևնույն ժամանակ, տարակուսելի է, որ հեղինակավոր լրատվամիջոցը, առանց փաստերի ստուգման, հրապարակում է նյութեր, որոնք կարող են ստվեր գցել անհատ անձանց հեղինակության վրա։

Հարգանքներով՝ Ն․ Շահվերդյան»:

Ն. Շահվերդյանի գրած նամակում պարզ չէր մի բան. ո՞ր չստուգված փաստի մասին է խոսքը, եթե, ինչպես հեղինակն է նշում, իր կողմից փաստի չստուգման պատճառով «ցավ է պատճառել իր հայրենակցին» այն դեպքում, երբ իր նշած «անհայտ» հեղինակը իրեն հայտնի է դարձել Գործակալության հրապարակումից:

Ինչևէ, հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է նաև «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» տարբերանշանի և Արցախի դրոշի հեղինակ Վահե Ֆատտալին, ով մասնավորապես նշել է, որ 1988թ-ին իր ընկեր Օշին Եղիազարյանը դիմել էր իրեն՝ նախագծելու մի պաստառ՝ Ղարաբաղի համար գումար հավաքելու նպատակով:

«Ես անմիջապես ընդունեցի ընկերոջս առաջարկը և հայրենիքի համար անվճար կերպով կատարեցի այդ աշխատանքը: Այդ ժամանակ Նինան դեռ ծնված չի եղել (նա 17 տարեկան է՝ ըստ իր հոր տված տեղեկատվության), ուստի նախագիծն արվել է նրա ծնվելուց 13 տարի առաջ, եթե իմ թվաբանական ունակություններն ինձ չեն դավաճանում: Կրկին պնդում եմ, որ տարբերանշանի հեղինակը ես եմ, ու իմ անվան անտեսումը համարում եմ վիրավորանք իմ անձի նկատմամբ»,- եզրափակել է Վ. Ֆատտալը: