ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մտադիր է վերացնել հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող բանկային տերմինալի պարտադիր պահանջը, ինչը թույլ կատ տնտեսվարողներին ավելի ցածր գնով ՀԴՄ սարքեր գնել:

Ներկայումս այսպիսի գործառույթներ ունեցեղ ՀԴՄ սարքերի գինը ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է՝ 160,000 դրամ՝ անկախ շրջանառության մեծությունից (բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների)։

Նշվում է, որ ՀԴՄ սարքեր ներկրող, սպասարկող և վերանորոգող կազմակերպությունների ղեկավարները հայտնել են, որ բարձր գինը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ սարքերը իրենց մեջ բացի ՀԴՄ ֆունկցիաներից ներառում են նաև բանկային տերմինալի գործառույթներ։ Նրանք հայտնել են նաև, որ կարող են ներկրել և վաճառել սարքեր, որոնք կունենան օրենքով պահանջվող բոլոր գործառույթները, առանց բանկային տերմինալի գործառույթի առկայության, սակայն անհրաժեշտության դեպքում նաև սարքը բանկային տերմինալով համալրելու հնարավորությամբ՝ զգալիորեն ցածր գնով։

Համաձայն ՀՀ ՊԵԿ տվյալների՝ ներկայումս իրացված մոտ 25,000 հատ ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող ՀԴՄ-ներից միայն մոտ 1500-ի մոտ է ակտիվացված պոս-տերմինալի ֆունկցիան (այսինքն 2013թ.-ից ի վեր մոտ 6%): Նշանակում է մյուս մոտ 23,500 տնտեսվարողն մի քանի տարի է՝ ունի այդ սարքը և օգտագործելու անհրաժեշտությունը չի ունեցել:

«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բանկային տերմինալի պարտադիր առկայությամբ սարքերի հետագա համատարած պարտադիր կիրառումը այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ներկայումս մի քանի բանկեր արդեն առաջարկում են ոչ կանխիկ շրջանառության այլընտրանքային տարբերակներ՝ կիրառում են սմարտֆոնների միջոցով վճարային համակարգեր, որոնց դեպքում տնտեսվարողը լրացուցիչ ծախս չի կատարում՝ առաջարկվում է ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներից հանել բանկային տերմինալի պարտադիր առկայության պահանջը», - նշված է ՊԵԿ-ի նախագծի հիմնավորման մեջ: