ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քարոզչության համար սահմանված ժամկետից դուրս քարոզչություն անելու սահմանափակում չկա:

«Կոչեր կարող են հնչել միշտ»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե քարոզարշավը չսկսված, քարոզչություն է իրականացնում:

Նա նշել է, որ քարոզարշավից առաջ կարելի է հնչեցնել նախընտրական կոչեր.

«Քարոզչության համար սահմանված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով քարոզչություն անելու, իսկ նախընտրական քարոզչության ժամանակ դուք բաժանում եք նյութեր, որոնք հստակ մակնշված են՝ որտեղ են տպված, ինչ քանակով և այդ նյութի ստեղծման համար պետք է վճարի նախընտրական հիմնադրամից։ Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ, շփվում եմ ու շփվելու եմ»,- ասել է նա հայտնում է Aysor.am-ը:

Փաշինյանը նաև կոչ է արել բոլոր իրավաբաններին ներկայացնել այն իրավական նորմերն, ըստ որոնց, ինքն իրավունք չունի քարոզարշավի մեկնարկից 2 օր առաջ երթ իրականացնել կամ այցելել մարզեր։ Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես՝ հանրապետական, որևէ մեկը գիտի՞ որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ երթ, հավաք անելու։ Էդ նրանց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում նման բան չկա»,- ասել է նա։

«Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, պիտի իր սենյակից դուրս չգա՞։ ՀՀ որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որևէ օր որևէ երթ անելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ բնույթ ունի նոյեմբերի 24-ին Երևանում տեղի ունենալիք քայլերթը, վարչապետի պաշտոնակատարն արձագանքել է։

«Երթն ունի քայլելու բնույթ։ Թող ցույց տան այն միջազգային չափանիշները, որով չի կարելի։ Հերիք է Հայաստանում խոսել առանց հիմնավորումների։ Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը: Իմ նախընտրական քարոզչությունը սկսվել է 2007թ-ին ու շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում»,- ասել է նա։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթի է հրավիրել երևանցիներին: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Երթը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Նոր Նորքից:

Փաշինյանը խոստացել է, որ երթն անսովոր է լինելու՝ «ինչպես հեղափոխության օրերին»:

«Իրար հետ լավ կքայլենք՝ արժևորելով հեղափոխության այս փուլը և ևս մեկ անգամ ազդարարելով ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։