Ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրությունների օրը՝ այն մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի: Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկի և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովի հետ հանդիպմանը:

Դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018թ-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ու նշել, որ առաքելությանը կմիանան նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:

Զրուցակիցներն առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են համարել երկրի հետագա առաջընթացի համար:

ՀՀ նախագահը ընդգծել է զարգացած քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ծրագրերի և նախագծերի մեծ նշանակությունը ու կարևորել է այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների ու տարբեր կառույցների հետ։