ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել փողոցներում, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը:

«Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու: Այս հարցում պայմանավորվել ենք ծրագիրն իրականացնող ներդրողի հետ, գնդակն այժմ ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան համապատասխան լուծումներ առաջարկել: Պատմամշակութային հուշարձանների պահպանման սկզբունքը պետք է հստակ դրվի և այսուհետ բոլոր շինարարություններն արվեն այդ սկզբունքը խստորեն պահպանելով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնն ու կանաչ տարածքներն ընդլայնելը:

«Կանաչ տարածքների վերականգնման առումով Բնապահպանության նախարարությունը ևս ունի լուրջ ծրագրեր և անհրաժեշտ է սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: