Երկարաժամկետ տնտեսական աճի տարբեր մոդելներում մշտապես կարևորվում է մարդկային կապիտալի դերը։ Եվ դա հատկապես Հայաստանի համար, որն էներգակիրներով աղքատ ու աշխարհագրական անբարենպաստ դիրք ունեցող երկիր է, մարդկային կապիտալը դառնում է, ըստ էության, միակ արժեքավոր ռեսուրսը։ Ու պարզվում է՝ մինչ օրս վարված «փայլուն» քաղաքականության հետևանքով՝ մենք որակազրկել ենք մեր մարդկային կապիտալը և Հայաստանին դատապարտել ապագայում ոչ մրցունակ լինելու։

Պատճառները մի քանիսն են. ուսուցչին վճարվող խղճուկ աշխատավարձ, քաղաքական կառույցների վերածված դպրոցներ, լավ սովորելու մոտիվացիայի բացակայություն (որովհետև կյանքում հաջողության հասնելու չափանիշ ընկալվում էր ոչ թե խելքն ու կրթությունը, այլ զոռբայությունը, հովանավորչությունը, քծնանքը և այլն)։

«Իմ քայլը» դաշինքի ծրագրի առանցքային դրույթներից մեկը լինելու է հենց Հայաստանի մարդկային կապիտալի էական բարելավումը՝ լրջագույն ուշադրություն դարձնելով առողջապահության և կրթական (հատկապես՝ դպրոցական) ոլորտներին։

Մի կարևոր հանգամանք էլ. մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քայլերի լիարժեք էֆեկտը դրսևորվելու է 10 տարի անց, երբ այսօրվա երեխաները դառնան չափահաս ու կյանք մտնեն։ Այսինքն, շեշտը դրվում է երկարաժամկետ նպատակի վրա, ոչ թե միայն այսօրվա։

Համաշխարհային բանկը հրապարակել է Մարդկային կապիտալի համարաթվի (ՄԿՀ) գրաֆիկը։ Տվյալները վերցված են ամենաթարմ զեկույցից, որը հրապարակվել է այս տարվա հոկտեմբերին։

Նախապես նշենք, որ թեպետ շատ մասնագետներ ոչ միանշանակ են վերաբերվում այդ զեկույցին և դրա մեթոդաբանությանը, սակայն ամեն դեպքում՝ այն թույլ է տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել մարդկային կապիտալի մասին՝ այլ երկրների հետ համեմատության մեջ։

Ներկայացնում ենք ձեզ վերոնշյալ գրաֆիկը․

Հայաստանի համար ՄԿՀ-ն 57% է։ Դա նշանակում է, որ Հայաստանում այսօր ծնված երեխան, երբ մեծանա, 57 տոկոսով այնչափ արտադրողական կլինի, որչափ կարող էր լինել ամբողջական կրթություն ստանալու և լիարժեք առողջ լինելու դեպքում: Այսինքն, մեր մարդկային կապիտալը 43 տոկոսով ոչ արտադրողական է։

Նայեք գրաֆիկին, և կհասկանաք, թե ինչ տխուր վիճակում ենք մենք գտնվում։ Մարդկային կապիտալի առումով Հայաստանին զիջում է միայն Տաջիկստանը։ 

Սա նշանակում է, որ մեր երեխաները մեծանալով՝ վաղը պակաս մրցունակ են լինելու, քան ղազախներն ու բելառուսները, ղրղզներն ու ռուսները։ Էլ չենք խոսում զարգացած երկրների մասին։

Ինչո՞ւ է մեր մարդկային կապիտալի արժեքը այդքան ցածր։ 

Մարդկային կապիտալի համարաթիվը կազմվում է 5 չափանիշների հիման վրա.

 - մինչև հինգ տարեկանն ապրելու հավանականությունը, 
 - երեխայի ուսման սպասվող տարիները՝ ուսումնառությամբ ճշգրտված,
 - հարմոնիզացված թեստերի միավորները՝ որպես ուսումնառության որակի չափանիշ, 
 - չափահասների ապրելիության ցուցանիշը (15 տարեկանների այն մասը, որը կապրի մինչև 60 տարեկանը), 
 - երեխաների այն մասը, որը թերաճ չէ:

Հայաստանի դիրքերը չափազանց վատն են հատկապես 2-րդ և 3-րդ չափանիշներով՝ թեստերի միավորներ (առաջադիմություն) և ուսումնառությամբ ճշգրտված ուսման տարիներ։

Հարմոնիզացված թեստերի միավորների առումով նշենք, որ Հայաստանի աշակերտները 443 միավոր են ստանում ըստ սանդղակի, որտեղ 625-ը ներկայացնում է բարձր առաջադիմությունը, և 300 միավորը՝ նվազագույնը:

Իսկ ուսումնառությամբ ճշգրտված ուսման տարիների առումով. ըստ զեկույցի՝ Հայաստանում երեխաները կարող են ակնկալել, որ մինչև 18 տարին լրանալը կավարտեն 11.1 տարվա նախակրթական, կրտսեր և միջնակարգ ուսումը: Սակայն ուսման տարիներն ըստ ուսումնառության որակի ճշգրտելու դեպքում, այն ընդամենը համարժեք է 7.9 տարվա. ուսումնառության բացը 3.2 տարի է։

Պարզ ասած, սա նշանակում է, որ մեր երեխաները դպրոցում լիքը ժամանակ են կորցնում (ժամանակն ամբողջությամբ դասերի վրա չի ծախսվում) և դրան գումարած՝ լավ չեն սովորում։

Պակաս մտահոգիչ չէ նաև միտումը։ 2012-2017թթ. ընթացքում Հայաստանի Մարդկային կապիտալի համարաթիվը 0.58-ից նվազել է մինչև 0.57։ Այսինքն՝ ետ ենք գնացել։

Բաբկեն Թունյան