«Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ պնդում են, որ ընտրական հանձնաժողովների ձևավորման ժամանակ գրագետ խավն անտեսվում է։ Ըստ նրանց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանձնաժողովներում խցկում են ոչ տառաճանաչ մարդկանց՝ «ծանոթ, բարեկամ, խնամի, սիրուհի» սկզբունքով։ Նրանց կողմից գրված բաց նամակում նշում են, որ իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնաժողովներում աշխատել բարեգործական հիմունքներով։

Նամակում մասնավորապես գրված է.

«ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գրեթե բոլոր ուսուցիչներն ունեն ընտրական հանձնաժողովում աշխատելու հավաստագիր, բայց նախկինում գործող կուսակցությունների կողմից բազմիցս անտեսվել է գրագետ խավը: Քանի որ հանձնաժողովները ձևավորվել և ձևավորվում են հիմնականում կուսակցությունների կողմից առաջադրվող անգրագետ «ծանոթ, բարեկամ, խնամի, սիրուհի» սկզբունքով, և ընտրական հանձնաժողովները դարձրել են ընտանեկան բիզնես, այդ իսկ պատճառով Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի ներքոստորագրյալ մանկավարժներս պատրաստ ենք բարեգործական հիմունքով աշխատել տեղամասային ընտրական հանձնաժողովներում և ամբողջ աշխատավարձը փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին» կամ օգտագործել ցանկացած բարեգործական նպատակով»:

Ուսուցիչներից մեկի խոսքերով իրեն հրավիրել էին տեխնիկական մասնագետի դասընթացի: Անհասկանալի պատճառներով անունը հայտնվել էր ինչ-որ ցուցակում: Եվ արգելել են մասնակցել դասընթացի մինչև իր համար ինչ-որ ծանոթ չզանգի: Իսկ դրա փոխարեն հենց ԿԸՀ-ից դասընթացավարը զանգերով ներս էր տանում անձանց, ում անունները ոչ մի տեղ չկար: Փաստորեն Գյումրիում ԿԸՀ ի դասընթացները վերևի զանգերով են անցկացվում։ Մի քանիսին էլ պատճառաբանեցին թե հոսանքն անջատվել է և Ձեր անունները «թռել» է։ Դասընթացավարը ասել է, որ «վերևից» պետք է իրեն զանգեն, որպեսզի թողնի։ Այդպիսի իրավիճակում են հայտնվել 25-30 անձիք։