Պաշտպանության նախարարությունը սեփական օպերացիոն համակարգի մշակման հայտ է ներկայացրել։ Այժմ օպերացիոն համակարգը մշակվում է և ստուգվելուց հետո կսկսի կիրառվել Պաշտպանության նախարարությունում։

Այս մասին ասել է ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Պաշտպանության նախարարությունը գնում է կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը կբերի  պաշտպանողունակության բարձրացման։ Բնականաբար մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, ինչի տրամաբանության մեջ է նաև սեփական օպերացիոն համակարգ ունենալու գաղափարը»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է ArmSec 2018 համաժողովը։ ArmSec-ը միջազգային կիբեռանվտանգությանը վերաբերող ամենամյա համաժողով է, որի նպատակներից է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը և կիբերանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Համաժողովի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: ArmSec-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ և քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

ArmSec համաժողովի և Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը, SmartGateVC վենչուրային ֆոնդը և Հայաստանի ամերիկյան համալսարանը: