93-ամյա «Հայֆիլմ» կինոստուդիայի անմխիթար վիճակը համախմբել է մի շարք երիտասարդների, ովքեր միավորվելով «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության շուրջ, պայքարում են կինոստուդիայի ապագա ճակատագրի համար:

«Սկսեցինք համացանցից, եթե մենք դրանից դուրս անում ենք մեկ քայլ, համացանցը անում է 100 քայլ: Նախաձեռնությունը թափ է հավաքում, քանի որ մեզ են միանում «Հայֆիլմով» մտահոգ քաղաքացիներ աշխարհի տարբեր անկյուններից: Վերածնունդ ասելով, ես մի բան եմ հասկանում, որ թաթերականի ուսանողը շփվի կինոստուդիայի պատերի, ռեկվիզիտների, տաղավարների, ռեժիսորների հետ… «Հայֆիլմը» շենք չէ, այլ կենդանի օրգանիզմ, որտեղ գործընթացները շարունակվել են տասնյակ տարիներ»,- ասել է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը:

Հիշեցնենք, որ 2005թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիան 350 միլիոն դրամով ($700 հազարից ավելի այսօրվա փոխարժեքով) վաճառվել էր «Armenia Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող «CS Media City» հոլդինգի մի մասն էր։

Սեփականատերը ստանձնել էր 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 միլիարդ դրամ ($60 միլիոնից ավելի այսօրվա փոխարժեքով) ներդնելու պարտավորություն։ Սակայն այդպես էլ չէին կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չէր վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չէր թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ 10 տարիների ընթացքում սեփականատերը չէր նկարահանել նոր ֆիլմեր՝ բացառությամբ սերիալների:

Մեկ տարի առաջ «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով վերադարձվել է ՀՀ կառավարությանը և այժմ պետական գույքի կառավարման հաշվեկշռում է:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշում է․

«Երբ «Հայֆիլմը» սեփականաշնորհվեց, պետությունը պարտավորություն դրեց, որ սեփականատերը թվայնացնի կինոստուդիայի ահռելի ժառանգութունը՝ 400-ից ավելի ֆիլմերը: Սեփականատերը ամբողջությամբ չի կատարել այդ պարտավորությունը, պետությունն այն հետ է վերցրել: Հիմա մենք փորձում ենք ինքներս կազմակերպել այդ աշխատանքները, ինչը բավականին թանկ գործընթաց է: Այժմ թվայնացնում ենք մեր կողմից նախընտրելի որակով: Փորձելու ենք ավարտին հասցնել բոլոր ֆիլմերի թվայնացման աշխատանքները: 2015թ-ին թվայնացվել է 18 ֆիլմ»,- ասում է փոխնախարարը:

Ներկայացնենք ձեզ Հայֆիլմի անցած ճանապարհը․

Պատմական կենսագրությամբ հարուստ «Հայֆիլմում» 1925թ-ին նկարահանվել է առաջին խաղարկային համր ֆիլմը՝ «Նամուսը»: 1935թ-ին արտադրվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:

1967թ-ից այստեղ սկսվել են մուլտֆիլմեր արտադրել: 1978թ-ին «Հայֆիլմ»-ը ձեռք է բերել արտադրական նոր հնարավորություններ, ընդլայնել ֆիլմարտադրությունը, տարեկան թողարկելով 6-7 ֆիլմ, պատվերներ է ստանցել ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունից, ֆիլմեր նկարահանել «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ: 20-րդ դարի վերջերին «Հայֆիլմ» կինոստուդիայում տարեկան կրկնօրինակվում էր մինչև 45 ֆիլմ:

Կառավարությունն ներկայումս չունի բավարար միջոցներ կինոստուդիայի վերականգնման ծրագրի իրականացման համար: Մշակույթի նախարարության ներկայացուցիչները հայտարարում են․

«Հարկավոր են ներդրողներ որոշակի պայմաններով «Հայֆիլմի» վերականգնման ծրագիրը ֆինանսավորելու համար»:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ Հայկ Բաբայանը նշում է, որ ամեն ինչ հարկավոր չէ թողնել պետության ուսերին, պետք է հասկանալ ոլորտի խնդիրները և ինքնուրույն ելքեր առաջարկել իրավիճակից.

«Մենք ինքներս պետք է լուծումներ առաջարկենք, պետությանը մեր թիկունքում զգալով: Բոլորի միավորվելու արդյունքում եմ տեսնում «Հայֆիլմի» վերածնունդը՝ ովքեր պատկերացնում են, թե ինչ է նշանակում մշակութային արժեք ստեղծել»:

Նախաձեռնության շրջանակներում կինոստուդիայի տարածքում անցկացվել է շաբաթօրյակ, ծառատունկ, որին մասնակցել են երիտասարդ ռեժիսորներ, դերասաններ, Հայֆիլմի փոքրաթիվ աշխատակիցներ:

Ռեժիսոր Արտյոմ Բարկուդրը նշել է․

«Միանգամից չի լինելու, պետք է ստեղծել ներքին մի վիճակ, որտեղ կինոարտադրությունը կզարգանա: Մենք ներկայացնելու ոչինչ չունենք, այն դեպքում, երբ ռուսական կինոշուկայում շատ բան հայերի ձեռքին է: Հաֆիլմի մասնավորեցմամբ տեղի ունեցավ պարզապես արվեստասպանություն»:

Գրեթե մեկդարյա կենսագրություն ունեցող կինոստուդիան սփռված է 25 հեկտար տարածքի վրա: Մի հատվածում կինոնկարահանման տաղավարներն են, մյուսում՝ դեկորացիաների պատրաստման արտադրամասը, որտեղ ժամանակին կյանքի են կոչվել հենց այն ձևավորման պարագաները, որոնք օգտագործվել են հանրահայտ ֆիլմերում: Հատուկ սենյակներում պահպանվում են օգտագործված դեկորացիաները, ռեկվիզիտը, հանդերձանքը:

«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը նշում է, որ կինոստուդիան իր ամբողջ գույքով ու տարածքով վերադարձվել է պետությանը, և այժմ ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ գույքի պահպանման համար.

Նա նշում է, որ ֆիլմերի հեղինակային իրավունքը պատկանում է «Հայֆիլմին», յուրաքանչյուր ֆիլմի համար կա սահմանված պետական նորմերով հեղինակային իրավունքների օգտագործման վճարման չափ, որի շնորհիվ էլ ստուդիան փակում է իր ծախսերի զգալի մասը:

Կինոստուդիայի ապագա վերականգնման ծրագրերի հետ կապված նշում է. «Հայֆիլմի» որոշակի բաժնեմաս կարող է վաճառվել, սակայն կառավարման փաթեթը պետք է լինի պետության ձեռքում:

Հայկ Բաբայանն էլ կարծում է, որ «Հայֆիլմը» պետք է ազգայնացվի.

«Նրան պետք է տրվի այնպիսի կարգավիճակ, ինչպիսին որ ունի Մատենադարանը, Օպերայի ազգային թատրոնը, որովհետև եթե Կոլումբիայից չգիտեմ ով գա ու ասի, որ ինքը ամեն ինչ կանի, փողեր կներդնի, այլևս չենք հավատալու այդ հեքիաթներին: Սեփականատերը ինչպես կուզի կվարվի, իսկ «Հայֆիլմը» մեր սրբություններից է, մշակութային բացառիկ արժեքներից մեկը: Ստուդիայի կիսավեր պատերն ու միջանցքներն անգամ մինչև այսօր հագեցած են ստեղծագործական էներգետիկայով: Մենք շարունակելու ենք մեր ակցիաներն ու միջոցառումները ուղղված «Հայֆիլմի» վերածննդին»: