Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկել է երկրում 60 օրով ռազմական դրության մտցնել: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

«Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկում է 60-օրյա ժամկետով ռազմական դրություն մտցնել», - հայտնել է նա՝ հավելելով, որ նոյեմբերի լույս 26-ի գիշերն ընդունված այս որոշումը կարող է չեղարկվել ցանկացած պահի, եթե իրավիճակը կարգավորվի:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, կոչ է արել Գերագույն Ռադայի պատգամավորներին ներկա գտնվել խորհրդարանի արտահերթ նիստին և հաստատել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի առաջարկը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս որոշումը չի ենթադրում որևէ ռազմական գործողություն: Նրա խոսքով՝ Կիևը շարունակելու է հետևել Մինսկի համաձայնագրերին:

Նշվում է, որ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի առաջարկի քննարկումները Ուկրաինայի Գերագույն Ռադան կսկսի այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին (երևանյան ժամանակով ժամը 18:00-ին):