Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի ԱՄՆ ուղևորվող և այժմ Մեքսիկայում գտնվող անօրինական ներգաղթյալներից առնվազն 500-ը փորձել է հատել ամերիկյան սահմանը: Այս մասին գրում է Milenio թերթը:

Անօրինական ներգաղթյալների՝ ամերիկյան սահմանը հատելու փորձին նախորդել է խաղաղ երթ, որին մասնակցել է գրեթե 5 հազար ներգաղթյալ: Ավելի ուշ նրանց մի մասը ճեղքել է Դաշնային ոստիկանության աշխատակիցների շարքերն ու փորձել հատել սահմանը, սակայն ամերիկացի սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Միջադեպից հետո ԱՄՆ մաքսային ու սահմանային ծառայությունը փակել է ամերիկյան Սան-Դիեգո և մեքսիկական Տիխուանա քաղաքների միջև գործող խոշոր անցակետը՝ «Սան-Իսիդրո»-ն:

Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետե Պրիդայի խոսքով՝ երկրի «Միգրացիայի ազգային ինտիտուտը կսկսի արտաքսել այն անձանց, որոնք փորձել են բռնի ուժով հայտնվել ԱՄՆ-ում»: