Կալիֆորնիայի հյուսիսում բռնկված անտառային հրդեհը, որն ամենաավերիչն էր ճանաչվել նահանգի պատմության մեջ, ամբողջությամբ մեկուսացվել է։ Այդ մասին նշված է նահանգի անտառային տնտեսության և հրդեհային պահպանության վարչության հայտարարության մեջ։

Այրված տարածքի մակերեսը շուրջ 620 քառակուսի կիլոմետր է։ Հրդեհը ոչնչացրել է մոտ 14 հազար տուն, զոհվել է առնվազն 85 մարդ։ Եվս մեկ խոշոր հրդեհ բռնկվել էր նահանգի հարավում՝ Մալիբուի մոտ, այն ևս ավելի վաղ մեկուսացվել էր։ Մինչև հիմա շարունակվում են զոհերի մարմինների որոնողական աշխատանքները։ Կալիֆորնիայի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։ Նախագահ Թրամփը կարգադրել էր դաշնային բյուջեից նահանգին միջոցներ հատկացնել տարերքի դեմ պայքարի համար։

Անցյալ շաբաթ նախագահն այցելել էր Կալիֆորնիա, իրավիճակը տեղում գնահատելու համար, նաև հանդիպելու՝ տուժածների և տեղի իշխանությունների հետ։