Ամերիկյան The Center for Survey Research հետազոտական կենտրոնն այս տարի հոկտեմբերին ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանում՝ հասարակական տրամադրությունները պարզելու նպատակով։ Հարցմանը մասնակցել է 1200 ՀՀ քաղաքացի։

Ըստ այդմ՝ հարցվածների 72 %-ը կարծում է, որ Հայաստանում զարգացումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ, 11%-ը՝ բացասական։

Մինչդեռ, մեկ տարի առաջ՝ 2017թ. Կովկասի բարոմետրի համանման հարցման արդյունքներով երկրի ներքին քաղաքականությանը դրական գնահատական էր տվել հարցվողների միայն 8%-ը:

Կենտրոնի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխավոր հաջողությունը քաղաքացիների 37%-ը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը, 20%-ը՝ ժողովրդավարության զարգացումը, 17%-ը՝ մարդկանց հոգեբանական վիճակի կայունացումը, իսկ կառավարության հաջողությունների շարքում ամենափոքր մաս՝ 2 % են կազմել մի քանի ուղղություններ՝ առողջապահության, կրթության ոլորտների բարելավում, գների իջեցում, դրական վերաբերմունք զինված ուժերի նկատմամբ, հարկային դաշտի կատարելագործում, բանկերի տոկոսադրույքների վերանայում, աշխատատեղերի ստեղծում և երկրի անվտանգություն։

Հարցին՝ ո՞րն է կառավարության ամենամեծ ձախողումը, հարցվածների 48%-ը պատասխանել է՝ կադրային նշանակումները, 22%-ը՝ քաղաքական անկայունությունը։

Հետագա 6 ամիսներին Փաշինյանի կառավարության անելիքների ցանկում քաղաքացիների մեծամասնությունը նշել է աշխատատեղերի ստեղծումը (35%), սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը (24%), թոշակների (16%) և աշխատավարձերի (14%) բարձրացումը, անվտանգության մակարդակի բարձրացումը (11%), կոռուպցիայի դեմ պայքարը (10%)։

Կենտրոնը նաև հետաքրքրվել է, թե ո՞րն է եղել նախորդ կառավարության ամենամեծ ձախողումը՝ կոռուպցիայի դեմ պայքար (40%), թալան (26%), արտագաղթ (13%)։

Քաղաքացիների մեծամասնությունը (63%) կողմ է արտահայտվել նաև երկրում փոփոխությունների արագ ընթացքին և ոչ թե՝ աստիճանական։