«Այս ընտրություններին մեր ընտրությունը շատ պարզ է։ Մենք պետք  է կատարենք ընտրություն հնի և նորի միջև։ Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն նոր, ազնիվ, արդար ուղի անցած քաղաքական գործիչներն ու ուժերը»,- ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը։ 

Նա նշեց, որ նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեք տարի պատվով անցել է իր քաղաքական կարճ ճանապարհը, բայց բովանդակալից։ Մանե Թանդիլյանն ասաց, որ Հայաստանում իրողություն է փոխվել, միասին պետք է սկսել կառուցել այն Հայաստանը, որի մասին երազել են տարիներ շարունակ։

«Հետհեղափոխական առաջին ընտրություններին դուք պատմական առաքելություն ունեք՝ ձևավորելու այն քաղաքական ուժերին, ովքեր այսուհետ կառուցելու են Հայաստանը և դարձնելու երազանքի պետություն՝ բարեկեցիկ, արժանապատիվ»,- նշեց Մ. Թանդիլյանը։

Նրա խոսքով, բարեկեցիկ, արժանապատիվ պետություն կերտելու ժամանակն է, այդ առաքելությունը պատրաստ է  ստանձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

«Այժմ սխալվելու ժամանակ չկա»,- ընդգծեց Մ. Թանդիլյանը։

Կուսակցության պատգամավորություն թեկնածու Գևորգ Գորգիսյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» ինչպես եղել է, այնպես էլ մնում է քաղաքացու շահերի պաշտպանն ու ներկայացուցիչը քաղաքականության մեջ։

Մանե Թանդիլյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե քարոզարշավից առաջ հրաժարական տվեցիք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր արձակուրդ գնալ, ոչ թե գնալ ծայրահեղ քայլի, ասաց.

«Ծայրահեղության խնդիր չէ, քաղաքական որոշում է։ «Լուսավոր Հայաստանը» կառավարության մաս է կազմել հետհեղափոխական ժամանակավոր կառավորության շրջանակում։ Այժմ ունի իր թիմը, քաղաքական ճանապարհը»։