Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարություն է տարածել. 

«Վերջին օրերին Սոցիալական ապահովության ծառայություն են այցելում տարբեր կենսաթոշակառուներ՝ հայտնելով, որ միջին տարիքի ռուսախոս երիտասարդ իրենց հրավիրել է Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեով)՝ որոշակի օգնություն ստանալու համար, առանձին դեպքերում չհայտնելով հրավիրելու նպատակը, ասում է.

«Գնացեք Ծառայություն՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ (հանրային ծառայության համարանիշ) և կենսաթոշակառուի վկայական»։

Կենսաթոշակառուները այցելելով Ծառայություն՝ պարզաբանում ստանալուց հետո դժգոհություն են հայտնում:

Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգված է և պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա:

Խնդրում ենք շահառուներին նման իրավիճակում Ծառայության անունից իրենց բնակարան այցելող անձի նկատմամբ ցուցաբերեն բարձր զգոնություն, անպայման պահանջեն ծառայողական վկայականը, անհրաժեշտության դեպքում դիմեն ԹԵԺ ԳԻԾ 114 ծառայություն:

Միաժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքերի առիթով հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն»։