Այսօր առավոտյան Հռոմի իր տանը 77 տարեկան հասակում մահացել է իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ Բեռնարդո Բերտոլուչին։ Նշվում է, որ Բերտոլոիչին տառապում էր քաղցկեղով։

Բերտոլուչին, ում «Վերջին կայսրը» ֆիլմն արժանացավ 9 օսկարի, մեծ ազդեցություն է ունեցել ֆիլմարտադրության վրա իր այնպիսի գործերով, ինչպիսիք են «Վերջին տանգոն Փարիզում» «Կոնֆորմիստը», որոնցում նա ուսումնասիրում էր քաղաքականությունն ու սեքսուալությունը անհատական պատմությունների միջոցով։

Բերտոլուչին հետաքրքրություն էր դրսևորում կոմունիզմի և ֆրեյդիզմի նկատմամբ, իր ֆիլմերում նրբորեն միաձուլել է սոցիալականը` ինտիմ կապերի հետ: Բերտոլուչին շատ ֆիլմերում դիմել է մարդկային սեքսուալության՝ արգելքի տակ գտնվող թեմաներին` եռակողմ սեքս և համասեռականություն:

Բեռնարդո Բերտոլուչին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1970թ-ին` «Կոնֆորմիստը» կինոնկարի շնորհիվ: Այն նկարահանվել էր Ալբերտո Մորավիայի համանուն վիպակի հիման վրա և հետազոտում էր ֆաշիզմի հոգեբանական ակունքները:

1972թ-ին Բեռնարդո Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» մեծ աղմուկ հանած կինոնկարը, որտեղ նկարահանվել էին Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը: Ֆիլմը ժամանակակից ռոմանտիկ սիրո ողբերգության մասին էր: 1976թ-ին Բեռնարդո Բերտոլուչին նկարահանել է «Քսաներորդ դար» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել Ժերար Դեպարդիեն և Ռոբերտ Դե Նիրոն: «Լուսին» (1979թ) և «Ծիծաղելի մարդու ողբերգությունը» (1981թ) կինոնկարները քննադատների կողմից ընդունվեցին սրերով, որից հետո Բեռնարդո Բերտոլուչին երկար ժամանակով դադարեց ֆիլմեր նկարահանել իտալական թեմաներով:

Տեղափոխվելով Անգլիա, սկսվեց նրա ստեղծագործությունների աշխարհաքաղաքացիական փուլը: 1987թ-ին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը բարձր գնահատվեց և արժանացավ «Օսկար» մրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ:

1995թ-ին, 15 տարվա բացակայությունից հետո Բեռնարդո Բերտոլուչին Իտալիայում նկարահանել է «Խուսանավող գեղեցկություն» կինոնկարը` Լիվ Թայլերի մասնակցությամբ: 2003թ-ին էկրան է բարձրացել «Երազողները» կինոնկարը: Այն 1968թ-ի «Կարմիր մայիս»-ի հիմնապաստառի վրա ներկայացվող, առանձին բնակարանում ընթացող «սեքսուալ հեղափոխության» պատմություն էր: